Posted in Բնագիտություն

Մաքուր պահենք մեր օդը

Մարդուն և կենդանի մյուս օրգանիզմներին շնչառության համար անհրաժեշտ է մաքուր օդ: Բայց շատ տեղերում, հատկապես մեծ քաղաք­ներում, այն աղտոտված է: Քաղաքներում աշխատող շատ գործարան­ներից օդ են թափանցում թունավոր գազեր, փոշի: Ավտոմեքենաներից նույնպես անջատվում են վնասակար շատ գազեր: Այդ բոլորը վտանգա­վոր են բույսերի, կենդանիների և մարդու համար: Վնասակար նյութեր արտանետող գործարանների շրջակայքում բույսերը կամ շատ վատ են աճում, կամ բոլորովին չեն աճում, կենդանիները ոչնչանում են, իսկ մար­դիկ հիվանդանում են մաշկի, աչքերի, թոքերի տարբեր հիվանդություն­ներով:

 

 

Օդի աղտոտումը սպառնում է մարդկանց առողջությանը և Երկրի ամբողջ օրգանական աշխարհին: Ահա թե որքան կարևոր է օդը մա­քուր պահելը: Դրա համար գործարանների, ֆաբրիկաների ծխնելույզ­ների վրա տեղադրում են օդամաքրիչ, փոշեկլանիչ սարքեր, որոնք զտում են վնասակար արտանետումները:

Օդը մաքրելու գործում կարևոր նշանակություն ունեն բույսերը: Տերևների միջոցով նրանք կլանում են օդում եղած փոշին և վնասակար գազերը: Բույսերը կատարում են մեկ ուրիշ կարևոր «աշխատանք» ևս: Նրանք օդից վերցնում են ածխաթթու գազը՝ իրենց անհրաժեշտ սննդանյութեր պատրաստելու համար, և այդ ընթացքում «արտադրում» են թթվածին, որը, ինչպես գիտեք, խիստ անհրաժեշտ է բոլոր կենդանի օրգանիզմների շնչառության համար: Ահա թե ինչու շնչելը հեշտ է այնտեղ, որտեղ շատ են բույսերը: Դրա համար էլ կանաչ տարածքները պետք է ընդարձակել, և ձեզանից յուրաքանչյուրը պետք է նպաստի իր շրջապատի կանաչ տարածքների մեծացմանը:

 

Հարցեր և առաջադրանքներ

 

Ի՞նչ նշանակություն ունի օդը կենդանի օրգանիզմների համար:

Ինչո՞ւ է անհրաժեշտ օդը մաքուր պահել:

Օդի մաքրության գործում ի՞նչ դեր են խաղում բույսերը:

Ճի՞շտ է վարվում վարորդը, որը կայանման ժամանակ միացած է թողնում շարժիչը: Եթե ոչ, ապա ինչո՞ւ:

Գործարաններից, ֆաբրիկաներից, աշխատող ավտոմե­քենաներից օդ են թափանցում վնասակար նյութեր: Դրանք վտանգավոր են բոլոր կենդանի օրգանիզմների՝ բույսերի, կենդանիների և մարդու համար: Կանաչ տարածքները և գործարանների ծխնելույզներին տեղադրված օդամաքրիչ սարքերը կլանում են օդ թափանցող վնասակար նյութերը: Բույսերը օդից վերցնում են ածխաթթու գազը, իրենց ան­հրաժեշտ սննդանյութեր պատրաստելու համար, և այդ ըն­թացքում «արտադրում» են թթվածին: Օդը մաքուր պահելու գործին կարող եմ մասնակցել նաև ես:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *