Հատակագիծը տեղանքի փոքր հատվածի մանրամասն գծապատկերն է որոշակի մասշտաբով և պայմանական նշաններով:
Օրինակ, ձեր բնակավայրի հատակագծում կարող եք գտնել ձեր դպրոցը, մշակութային կառույցները, մարզադպրոցները, փողոցը և տունը: Երևանում և ՀՀ շատ քաղաքների ավտոկանգառներում կան փոքրիկ շինություններ, որտեղ տեղադրված է տվալ քաղաքի հատակագիծը:
Սակայն մեծ տարածքները, ամբողջ երկրագունդը, մայրցամաքները, հարթավայրերը կամ լեռնաշղթաները, մանրամասն պատկերել հնարավոր չէ: Այդ դեպքում պատկերում են միայն խոշոր և կարևոր օբյեկտները: Այդպիսի պատկերը քարտեզն է:
Քարտեզն ամբողջ երկրագնդի կամ նրա առանձին խոշոր մասերի փոքրացված և ընդհանրացված պատկերն է, որոշակի մասշտաբով և պայմանական նշաններով:
Պարզ է, որ հատակագծի կամ քարտեզի վրա տարածքներն իրենց իրական չափերով հնարավոր չէ պատկերել: Դրանք պատկերվում են փոքրացված չափերով, իսկ թե քանի անգամ է փոքրացված (տասը, հազար, միլիոն), ցույց է տալիս տվալ քարտեզի կամ հատակագծի մասշտաբը:
Այսպիսով, մասշտաբը ցույց է տալիս, թե հատակագծի կամ քարտեզի վրա պատկերված տարածքը քանի անգամ է փոքրացված իրական չափերից:
Եթե քարտեզի վրա գրված է 1:1 000 000, դա նշանակում է, որ այդ քարտեզի վրա պատկերված 1 սմ հեռավորությամբ երկու կետերի իրական հեռավորությունը 1000000 սմ (10 կմ) է:
Իսկ ինչպե՞ս կարող ենք օգտվելով քարտեզի մասշտաբից, հաշվել որևէ երկու կետերի հեռավորությունը: Չափում ենք քարտեզի կամ հատակագծի վրա այդ կետերի հեռավորությունը և այն բազմապատկում մասշտաբով:
Բոլոր հատակագծերն ու քարտեզներն ունեն ոչ միայն մասշտաբ, այլև հատուկ պայմանական նշաններ, որոնք օգտագործվում են ճահիճ, անտառ, ավազային անապատ, օգտակար հանածոյի հանքավայր, երկաթուղի, քաղաք և այլ օբյեկտներ պատկերելու համար: Պայմանական նշանները հանդիսանում են հատակագծերը և քարտեզները ընթերցելու, դրանց բովանդակությունը հասկանալու բանալին:
Հատակագծերի պայմանական նշանների տեսքը և ձևը հիշեցնում են պատկերվող առարկաները և դրանց բնորոշ գծերը:
Կան գծային պայմանական նշաններ, որոնցով պատկերում են գետերը, երկաթուղիները, սահմանները:
Հարցեր
- Ի՞նչ է քարտեզը:
Քարտեզն ամբողջ երկրագնդի կամ նրա առանձին խոշոր մասերի փոքրացված և ընդհանրացված պատկերն է, որոշակի մասշտաբով և պայմանական նշաններով:
2. Ի՞նչ է հատակագիծը:
Հատակագիծը տեղանքի փոքր հատվածի մանրամասն գծապատկերն է որոշակի մասշտաբով և պայմանական նշաններով:
3. Ի՞նչ է ցույց տալիս մասշտաբը:
Մասշտաբը ցույց է տալիս, թե հատակագծի կամ քարտեզի վրա պատկերված տարածքը քանի անգամ է փոքրացված իրական չափերից: